Ֆիլմի մասին գրելիս շատ կարևոր հանգամանք է դրա լիամետրաժ կամ կարճամետրաժ լինելը․ այն ֆիլմը, որի մասին կխոսվի, կարճամետրաժ անիմացիաների անթոլոգիա է, որը կրում է «Happiness Machine» (հայ․՝ Ուրախության մեքենա) անվանումը։  Մի փոքր թվաբանություն․ 11 եվրոպական երկրներից 20 արվեստագետ կանայք ստեղծել են 10 ֆիլմանոց մի ավանգարդ ժողովածու ողջ աշխարհի և մարդկության քաոսային ապագայի մասին։  Ֆիլմը սկսում է ազգությամբ հրեա դիվանագետ և գրող Ստեֆան Էսելի տողերով, որոնցում ամփոփված են քաղաքական ակտիվիստի հակակապիտալիստական մտքերը։ Այս ամենից պարզ է դառնում ֆիլմի գլխավոր նպատակը, որը ոչ թե լուծումներ է առաջարկում, այլ ցույց է տալիս ժամանակակից հասարակարգի կողմից ձևավորվող մեր անորոշ ու ողբերգական ապագան։   «Ուրախության մեքենա» վերնագրի հեգնական լինելու մասին արդեն կասկած չկա։ Ի դեպ, անիմացիաներից մեկը նույնպես այդպես է կոչվում, որը հեղինակել են Անա Նեդելկովիչն ու Հաննա Հարթմանը։ Պլաստիլինե անիմացիոն ֆիլմը (eng. Clay Animation) շարքում յոթերորդն է և իրենից ներկայացնում է «Ինչպես ստեղծել իդեալական կազմակերպություն» անունով մի խաղ։ Խաղացողը պետք է վայրկյանների ընթացքում կարդա մանր տառերով գրված համաձայնագիրը, ստորագրի ու սկսի ապահովել առավելագույն եկամուտ։ Վերջինիս անբավարարությունը հասցնում է աշխատողների ուժասպառությանը, շրջակա միջավայրի աղտոտմանը, իսկ անվերջ իններով եկամուտը միևնույնն է բավական չէ։ Խաղն ավարտվում է, իսկ խաղացողը՝ պարտվում։ Բայց հոգ չէ, նորից սկսելու հնարավորություն նույնպես կա։ Այս էպիզոդում հեղինակները ամենապարզ ու հասանելի կերպով ներկայացրել են գրեթե յուրաքանչյուր մեծ կազմակերպության աշխատելաոճը, թե ինչպես են նրանք քամում Երկիր մոլորակը, մարդկանց․․․ Ի դեպ, կան շատ դետալներ, որոնց մասին չխոսվեց, դրանք էլ թող դիտելու ժամանակ անակնկալներ մնան։ Ուշադրության են արժանի նաև մյուս կարճամետրաժները, որոնցից առաջինն, ի դեպ, Գրիմմ եղբայրների «Ձկնորսի ու իր կնոջ մասին» հեքիաթի ադապտացիան է, կոչվում է «Die Flunder», «Pantopos»-ը, որն արված է ստոպ-կադր անիմացիայի «pixilation» տեխնիկայով։ Դիտողի մոտ հաստատ կտպավորվի Մանչեստերում ներքնազգեստի գործարաններից մեկի պատմությունը («Bloomers»), իսկ ամենավերջին՝ «Suggestion if least resistance» ֆիլմը տարբեր հարցեր կառաջացնի․ այն հիշեցնում է Նոր Զելանդացի արվեստագետ Լեն Լայի (eng. Lan Lye) էքսպերիմենտալ անիմացիոն ֆիլմերը։ Ընդհանրապես այս անիմացիոն նախագիծը կարծես հարգանքի տուրք լինի անիմացիայի տարբեր տեխնիկաների նկատմամբ։ Հեղինակներն այս կերպով փորձում են վերակենդանանցել շատերի կողմից մոռացված կամ նույնիսկ անծանոթ անիմացիոն ոճերը։  Ավստրիական Klangforum Wien ժամանակակից երաժշտական անսամբլի մասնակցությամբ այս նախագծում անիմացիայի հետ հավասար կարևոր դեր ունի հենց երաժշտությունը։ Այնպես է ստացվել, որ ֆիլմերում, եթե կան հերոսներ, ապա նրանք հիմնականում չեն խոսում, և մարդկային խոսքի այդ բացը լրացնում է նախագծի բնօրինակ երաժշտությունը: Դրանով հատկապես աչքի է ընկնում «Hierarchy Glitch» ֆիլմը, որում կան միայն իրար կպած, տարբեր չափերի քառանկյուն երկրաչափական պատկերներ։ Հնչող գործիքների և հարմոնիաների միջոցով պարզ է դառնում տվյալ պահին երևացող մարմնիկների բնավորությունը։ «Happines Machine» Ֆիլմը բարդ է, արտ հաուսային լուծումներով լի։ Ինչ-որ առումով անիմացիոն տեխնիկաների շտեմարան հանդիսացող այս երաժշտական-անիմացիոն կոնվերգենցիան նախատեսված չէ մեծ դահլիճների համար, բայց այստեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր հետաքրքրությունը․ որակյալ կամերային երաժշտությունից մինչև նկարելու ոգեշնչման աղբյուր, քաղաքականությունից մինչև սոցիալական խնդիրներ։   Քրիստիան Գինոսյան