Լիզա Ֆուկայան (Lisa Fukaya) ճապոնացի անիմատոր և ֆիլմի ռեժիսոր է: Նա ծնվել է 1989 թվականին Ճապոնիայում, բայց վերջին տարիներին ապրում ու ստեղծագործում է եվրոպական տարբեր երկրներում: Իր աշխատանքները երբեմն նաև արտահայտվում են երաժշտական տեսահոլովակների, շարժապատկերների և նկարազարդումների ձևով:  Լիզայի ձեռագիրը թեև կարող է որևէ այլ նկարազարդումներ հիշեցնել, բայց այն միանգամից տարբերվում է ու աչքի ընկնում։ Պատկերները կարծես նկարված լինեն ջրաներկով, որոնց գունապնակը սահմանափակ է․ 2018 թվականին լույս տեսած «ՄԻՄԻ» (MIMI) ֆիլմում գերակշռում են կարմիրի և վարդագույնի ամենատարբեր երանգները։ Լիզայի պատմությունների աղջկական, քնքուշ մթնոլորտը սթափեցնում է ոչ միայն դրանց դրամատիկությունը, այլ նաև ողբերգականությունը։  Միմին դեռահաս աղջնակ է, ով վախենում է տարբերվել իրեն շրջապատող հասակակից աղջիկներից։ Ավելին, նա այդ աղջիկներից էլ ավելի շուտ է սկսում հասունանալ և ձեռք է բերում իր առաջին բշտիկները։ Հերոսուհին դիմում է մյուսներին նմանվելու վճռական քայլին։ Թվում է, թե ինչ ողբերգություն կա այստեղ, բայց․․․ Այս անիմացիայում ցուցադրվում են աղջկական հասարակության ստանդարտները, որոնք շատ հաճախ կարող են դաժան լինել․ ինչ պետք է անի աղջիկը սիրունիկ ու կոկիկ լինելու համար, ինչպես պետք է տեղավորվի հասարակության կարծրատիպերի մեջ։ Դիտողի աչքի առաջ տեղի են ունենում մի քանի կերպարանափոխություններ, սակայն ստատիկ պաստելային, երբեմն էլ վառ արտահայտված կարմրավուն գույները հուշում են աղջկա հասունանալու հետ սերտ կապ ունեցող արյունը։ Արդյունքում մենք ունենք միաժամանակ մի քանի պատասխանատվություններով ծանրաբեռնված գլխավոր հերոսուհի, ում ճակատագրի մասին կիմանաք ֆիլմը դիտելուց հետո։ Ինչ վերաբերում է անիմացիայի դինամիկային, այն գնալով աճում է՝ հասնելով բարձրակետին։ 4 րոպե 17 վայրկյանի ընթացքում հեղինակը արագացնում է ֆիլմի ռիթմն ու դրա հետ մեկտեղ զարգանում է երաժշտությունը։ Օլգայի (Studio Olga) և Սենա Օհշիմայի (Sena Ohshima) կողմից ստեղծված լարային ելևէջները հրաշալի աշխատում են դիտողի ըմբռնման ու պատկերին լիարժեքություն հաղորդելու գործում։ Դրանք միաժամանակ նուրբ են ու կոպիտ, երբեմն տարօրինակ, երբեմն էլ վախեցնող։ Զուգահեռներ տանելով Ֆուկայայի ստեղծած «Նապաստակի պատմությունը» (Rabbit Tales) աշխատանքի հետ, կարող ենք նկատել նույն սենյակային միջավայրը, կրկնվող դետալները, ֆոնին հնչող լարային երաժշտությունն ու ոչ այնքան բարի միջավայրը, թեպետ «Նապաստակի» մեջ այն իրոք դաժան է։ Երկուսն էլ ինդի անիմացիաներ են, որոնք ունեն ճապոնական էսթետիկա, տեղ-տեղ էլ անիմե են հիշեցնում։ Տարբերություններից ամենաակնառուն այն է, որ «ՄԻՄԻ»-ում պատկերներն ուրվագծված կամ ընդգծված չեն։ Ի դեպ, այսպիսի լուծումներով են հանդես գալիս տարբեր ինդի վիդեոխաղերի հեղինակներ՝ շեշտը դնելով պատկերի գեղեցկության ու ինքնատիպության վրա։ «ՄԻՄԻ»-ում կարևոր չեն միջավայրի սահմանները, այստեղ կարևոր է դրանց ֆակտուրան, կարևոր է իհարկե Միմին, ով կերպարանափոխություններից մեկի ժամանակ կարող է ուղղակի հայտնվել ինչ-որ ֆոնին՝ իր վրա սևեռելով դիտողի ողջ ուշադրությունը։ Ֆիլմը կհետաքրքրի ոչ միայն դեռահասներին, որոնք էլ հենց թիրախային լսարանն են, այլ նաև մեծերին, քանի որ «ՄԻՄԻ»-ն պատկերի, գույների, դրամայի և երաժշտության ստացված սինթեզ է։     Քրիստիան Գինոսյան