Զաբու Բրեյթմանի, Էլյա Գոբի-Միվելեքի <<The Swallows of Kabul>> անիմացիան ստեղծվել է Յասմինա Խադրայի համանուն գրքի հիման վրա: Տևողությունը 81 րոպե է: 2D, տեխնիկապես հագեցած, ջրաներկային ոճով նկարված այս անիմացիան պատմում է այն մասին թե ինչպես են Թալիբի լծի տակ ապրում քաբուլցիները:Պատմության հիմքում երկու զույգեր են, ովքեր յուրովի են փորձում դիմանալ այդ իրավիճակին: Նրանք միևնույն ժամանակ նմանվում ու տարբերվում են իրարից: Գլխավոր հերոսներն են Մոհսենն ու նրա կինը Զունաիրան, ովքեր փորձում են դեռ հույսով ապրել իրենց սիրելի երկրում, դեմ լինելով այդ համակարգին: Աթիքի ու Մուսսարաթի կյանքն էլ կարծես արդեն ավարտված լինի: Անիմացիայում խոսվում է և՛ պատերազմի, և՛ կանանց իրավունքների, և՛ մարդասիրության ու պայքարի մասին: Գաղափարական առումով  առաջնահերթություն էր կռվել երեխաների ու փոքրերի համար ու այն, որ նույնիսկ չնչին հույսը կարող է մարդուն դարձնել մարդ: Յուրաքանչյուր վայրկյանի մեջ խտացված են տասնյակ հույզեր ու ապրումներ, որոնց մասին չխոսել ու անտարբեր անցնել չենք կարող: Հուզիչ ու սթափեցնող տեսարաններից մեկն էլ այն է, որ երեխաների խաղադաշտը հենց այն վայրն էր որտեղ մահապատժի էին ենթարկում կանանց ովքեր խախտել էին օրենքը, իսկ դարպասը, այն սյուները որտեղ խեղդամահ էին անում նրանց, այն էնտուզիազմը թե ինչպես են Մոհսենն ու Զունաիրան մթության մեջ փորձում գտնել լույսի մի փոքր կտոր ու դրանով լուսավորել երիտասարդ սերնդին, ինչպես է մեկ ազատ հոգին՝ Զունաիրան կարողանում փափկացնել տարիների ընթացքում քարացած Աթիքի սիրտը ու նորից մարդասիրություն և հույս սերմանել: Անդրադառնամ անիմացիայի տեխնիկական կողմին, նշելով որ եթե այն նկարված չլիներ հենց ջրաներկային ոճով միգուցե այն չկարողանար ցույց տալ անիմացիայի դրամատիզմն ու ռեալիզմը: Անիմացիայի ձայնն ու կադրը ավելի իրական դարձնելու համար ձայնային կրկնօրինակիչները բեմականացրել են այն, կանայք կրել են իրական չադրաներ, տղամարդիկ մուսուլմաններին հատուկ հագուստ, և հենց դա էլ շունչ և հոգի է տվել անիմացիային: Աթիքի ձայնի հետևում ֆրանսիահայ դերասան Սիմոն Աբգարյանն է: Անիմացիայի բոլոր հերոսները նման են իրենց ձայի հետևում գտնվող մարդկանց: Այն ամենը ինչ մենք տեսնում ենք նրանք ապրել են ու կարողացել են լիարժեք, էմոցիոնալ ու միաժամանակ անկեղծ փոխանցել մեզ: Անիմացիան լիարժեք չէր լինի եթե չլիներ 1968 թվականին ստեղծված պարսկական երգը, որը կոչվում է Սրտիս Թագավոր: Այն կարծես բոլոր էմոցիաների միաձուլման ու պորթկման գագաթնակետը լինի: Դետալները, ստվերները, բնատեսարանները այնքան մտածված են նկարած, որ ստեղծում են ամբողջ կոլորիտը: Իմաստը և խորությունը բավականին շատ է, և ամեն մեկս այն կարող ենք ընկալել տարբեր կողմերով: Այս անիմացիան կարելի է դիտարկել որպես հումանիստական հիշեցում այն մասին, որ այս պահին էլ կան շատ երկրներ ովքեր գտնվում են այս վիճակում ու անմեղ զոհերից խուսափելն անհնար է դառնում: Գաղափարական ընկալումների պատճառով կարծում եմ ավելի ճիշտ կլինի եթե այն դիտեն ավելի հասուն տարիքում, երբ արդեն որոշակի աշխարհայացք ձևավորված կլինի:   Լիանա Թուրյան