ֆրանսուհի ռեժիսորներ Զեբու Բրայթմանն ու Էլեա Գոբե-Մեւելեկը անիմացիայի լեզվով հանրությանն են ներկայացնում Յասմինա Խադրայի «Քաբուլի ծիծեռնակները» բեսթսելլերը («The Swallows of Kabul», 2002)։ Գրքի սիրահարները կարող են նկատել, որ ֆիլմի սցենարիստները՝ Սեբաստյան Տավելն ու Պատրիսիա Մորտենը, իրենց թույլ են տվել որոշակի փոփոխություններ կատարել, օրինակ՝ գրքում 2001 թվականին տեղի ունեցող իրադարձությունները վերագրելով 1998 թվին։ Ամեն դեպքում, ըստ իս, գրքի դրամատիկական նկարագիրը հաջողությամբ պահպանվել է ու արտահայտված է աշխատանքում։ Այն պատմում է Աֆղանստանի ավերակված մայրաքաղաք Քաբուլում թալիբների ռեժիմի ներքո գոյատեւող երկու կտրականապես տարբեր զույգի պատմություն։   Պատմաբան Մոհսենը (ձայնը՝ Սվոն Արլո) եւ նկարչուհի Զունաիրան (ձայնը՝ Զիտա Անրո) երիտասարդ են ու սիրահարված։ Զունաիրան համարձակ նկարչուհի է, ով չի կորցրել հույսը, որ մի օր այլեւս ստիպված չի լինի կապույտ բուրքա հագնել, կկարողանա նորից սիրելիի հետ գնալ կինոթատրոն ու գրադարան, Քաբուլում սպիտակ մասիկներ հագնելու համար կանանց չեն ենթարկի դաժան պատժի ու հնարավոր կլինի նորից խոսել արվեստի, ազատության ու սիրո լեզվով։    Մոհսենը, որքան էլ փորձում է հակադրվել նոր իրականությանը, աստիճանաբար իր մեջ զգում է հասարակական տրամադրություններով թելադրված լուրջ փոփոխություններ։ Նրա կերպարանափոխման տեսարանը ֆիլմի հանգուցակետն է։ Տեսնելով՝ ինչպես են մարդիկ մոլլայի կոչով քարերով իրագործում մի կնոջ մահվան դատավճիռը, Մոհսենը, ամբոխի մի մասը դառնալով, նետում է իր քարն ու, դրանով իսկ, «փոխվում» («becoming different»)։    Նրանց հակադրված են բանտապան Ատիքը (ձայնը՝ Սիմոն Աբգարյան) եւ նրա հիվանդ կինը՝ Մուսարաթը (ձայնը՝ Հիամ Աբաս)։ Պատերազմի բովով անցած ու այժմ կանանց բանտում բանտապան աշխատող Ատիքն իր տանը եւս կարծես բանտում լինի։ Նրան տանջում է մեղքի զգացում կնոջ նկատմամբ, որին փրկելու բոլոր փորձերն անօգուտ են։ Մուսարաթը, որպես իր ամուսնուն անսահմանորեն սիրող ու ոչինչ դրա դիմաց չպահանջող կին, ով նույնիսկ իր մահվան մեջ տեսնում է հնարավորություն՝ դեպի լավը փոխելու ամուսնուն, ֆիլմի ամենաազդեցիկ ու քչախոս կերպարն է։    Ֆիլմում երկրորդական, ուղեկցող կերպարի դերում խենթ «ծերուկն» է, ով անընդհատ պնդում է, որ լքելու է Քաբուլը։ Նրան, ի դեպ, ձայնավորել է ռեժիսոր Զեբու Բրայթմանի հայրը՝ Ժան-Կլոդ Դերեն։ Նախկինում մոլլա եղած ծերունու սյուժետային գիծն առավել կապված է Ատիքի հետ։ Ամեն ծանր իրավիճակում նա աղոտ խորհուրդներով խթանում է Ատիքի կերպարային զարգացումը։    Ճակատագրի բերմամբ այս երկու զույգի պատմությունները միահյուսվում են՝ բերելով միաժամանակ ոչնչացման եւ ազատության։    Կլինեմ ծայրահեղորեն զգույշ՝ չսփոյլելու սյուժետային գծերը նրանց համար, ովքեր դեռ չեն տեսել ֆիլմը։ Զունաիրան «նստում է ինքնաթիռ դեպի Հոլիվուդ» («She took a plane to Hollywood»)՝ դառնալով Ատիքի կերպարանափոխման պատճառը։ Ի վերջո, երիտասարդ աղջկան փրկելու մեջ հույսը կորցրած զույգը գտնում է իր իսկ փրկությունը։ Ֆիլմի ավարտը բավականին ծանր է, սակայն դիտումից հետո այնպիսի զգացում է, որ երակներիդ մեջ հույս են ներարկել ու ամեն բան դեռ առջեւում է։    Ֆիլմում օգտագործված է 2D ջրաներկային անիմացիա, որն իր թավիշով հակադրվում է դաժան պատերազմական իրականությանն ու հնարավորինս մեղմում այն։ Ռեժիսոր Էլեա Գոբե-Մեւելեկն արդեն ուներ փորձ նմանատիպ տեխնիկայի հետ աշխատելու առումով, քանի որ մասնակցություն է ունեցել «Լավագույն երկարամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում Օսկարի առաջադրված «Էրնեստ եւ Սելեստին» ֆրանս-բելգիական անիմացիոն ֆիլմի ստեղծման աշխատանքներում։    Նրա համառեժիսոր Զեբու Բրայթմանի կարիերայում սա հինգերորդ երկարամետրաժ ֆիլմն է։ Բրայթմանի նախաձեռնությամբ որոշվեց ձայնագրել կերպարներին կենդանի բեմադրության ժամանակ, ոչ թե դերասաններին ստատիկ խոսափողների առաջ կանգնեցնելով։ Այս մոտեցումը ծայրահեղ անկեղծություն է հաղորդել ձայնին ու դերասանական խաղի ռիթմին, սակայն բարդացրել է այլ երկրների արտադրողների գործը, որոնց համար բավականին դժվար կլինի օրիգինալին համապատասխան ձայնավորում ապահովելը։   Ֆիլմում օգտագործվել են հետաքրքիր գործիքներ՝ մարդկանց պատմության անմիջական մասնակիցը դարձնելու ուղղությամբ, ինչպիսին է օրինակ այն հատվածը, երբ հանդիսատեսին հնարավորություն է տրվում նայել աշխարհին Զունաիրայի բուրքայի միջով։ Գրքում մի քանի էջ զբաղեցնող տեսարանները բավականին հստակ ներկայացվում են կարճ ժամանակի ընթացքում, ինչպիսին օրինակ կինոթատրոն գնալու Մոհսենի լուսավոր հիշողությունն է, որը թեթեւ վերհուշի պես փայլատակում ու փոշիանում է կինոթատրոնի ավերակներում։   Պատերազմական թեմաներն առաջին անգամ չէ, որ ներկայացվում են անիմացիայի տեսքով։ Ուսումնասիրելով դրանց արծարծումը ֆիլմարտադրության պատմության ընթացքում, հասկանալի է դառնում, որ անիմացիան այս դեպքում գործիք է՝ տարածայնացնելու, հեռվացնելու մեր իրականության անընդունելի ու ծանր թվացող իրողությունները հանդիսատեսից։ Այսպիսով, երբեմն ամենաբարդ թեմաներից պետք է խոսել ամենապարզ ձեւով։    Այս արդարացումն իրենց զինակազմում միշտ ունեցել են այն ռեժիսորները, ովքեր իրենց անիմացիոն ֆիլմերում այս կամ այն կերպ ներկայացրել են պատերազմական իրողություններ։ Դրա վառ օրինակներից են առաջին անիմացիոն վավերագրական ֆիլմի ռեժիսոր, իսրայելցի կինոգործիչ Արի Ֆորմանն իր ինքնակենսագրական «Waltz with Bashir» ֆիլմով, ծագումով իրանցի ռեժիսոր Մարջան Սատրապին՝ հետհեղափոխական Իրանի մասին պատմող իր «Persepolis» ինքնակենսագրականն անիմացիայով, նորվեգացի ռեժիսոր Մաթս Գրորուդը՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը ներկայացնող «The Tower» ստոպ-կադր անիմացիոն ֆիլմով, Դենիս Դոն՝ Կամբոջայի 1975 թ.-ի հեղափոխության մասին պատմող  «Funan» ֆիլմով։ Օրինակները՝ շատ են, դրանցում կիրառված անիմացիոն տեխնիկաները՝ տարբեր, իսկ ասելիքը՝ չափազանց կարեւոր։   Ամփոփենք նրանով, որ «Քաբուլի ծիծեռնակները» ֆիլմն արդեն ցուցադրվել է Անիմացիոն ֆիլմերի «Անեսի» միջազգային փառատոնի շրջանակներում ու ընդգրկվել Կաննի կինոփառատոնի «Un Certain Regard» ծրագրում, իսկ այս հոկտեմբերին կկարողանաք դիտել այն Երեւանում՝ «ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնի շրջանակներում։       Աննա Դանիելյան