“Per Tutta La Vita” կամ “Մինչև կյանքի վերջ”... Գրեթե բոլորս, մեր կյանքի ինչ-որ շրջանում տվել  ենք այս անվերջ սիրո խոստումը, ու շատերս ենք տեսել, թե ինչպես է այս խոստումը քիչ քիչ կոտրվում, մինչև որ դառնում է մի գեղեցիկ սուտ ու կորում մեր հիշողությունների խորքում: Ռոբերտո Կատանի-ի 2018 թվականի “Per Tutta La Vita”  անիմացիան հենց այս խոստումի մասին է և ցույց է տալիս հանդիսատեսին մի ավարտված սիրո պատմություն: Սովորականին հակառակ, սկսում է այս պատմությունը հենց “անվերջ սիրո” վերջից, բացելով անիմացիան խոստումի կոտրման պահով: Այս կետից սկսած, Կատանին վերակառուցում է ամբողջ սիրո պատմությունը տանելով մեզ տարբեր հիշողությունների և երազների միջով, որոնք չնայած թվում են անհամատեղելի իրար հետ,  բայց իրականում շատ աննկատ հաջորդում են իրար, ասես դիտորդը իրոք շրջագայում է ինչ-որ մեկի մտքում հերթով բացելով նրա հիշողությունները: Վերջում, Կատանին մեզ բերում է հենց սկզբնական կետին, դրանով իսկ սարքելով անիմացիան ամբողջական շրջան: Այս կերպ, դիտորդի մոտ ստեղծվում է այն տպավորությունը, որ սերը իրոք կարող է մնալ անվերջ մեր հիշողություններում, քանի որ անիմացիան ինքը ասես լինի մի անծայր շրջան, անվերջ հանգույց, որ անընդհատ կրկնում է մեր անցյալի հիշողությունները:  Այնուամենայնիվ, այս բավականին ծանր թեմային, Կատանին փորձում է տալ արտիստիկ մոտեցում, վերածելով ամբողջ անիմացիան թեթև ու ինչ-որ խաղանման ֆիլմի: Arte-ի հետ հարցազրույցում, Կատանին ինքը նշում է, որ շատ կարևոր է համարում մեր հիշողություններում անցյալ սիրո պատմությունների լավ պահերը հիշելը, որովհետև մենք շատ հաճախ հիշում ենք միայն բաժանումը, ինչը որ բերում է բավականին վատ հետրանքների: Այս անիմացիայում,Կատանին վերադառնում է զույգի անցյալ հիշողություններին, միևնույն ժամանակ պահելով այս հիշողությունների կախարդանքն ու գեղեցկությունը:  Բացի հերոսների անցյալին անդրադառնալուց, Կատանին նաև անդրադառնում է անիմացիայի անցյալին և “հիշողություններին:” Ամբողձ անիմացիան նկարված է ձեռքով, ինչը որ ստեղծում է բավականին նոստալգիկ և ջերմ մթնոլորտ, որն էլ լիովին համապատասխանում է անիմացիայի թեմային: ժամանակակից անիմացիա ստեղծելու միջոցները կկոտրեին այս ջերմությունը և կձախողեին փոխանցել բոլոր այն զգացմունքները, ինչը որ Կատանիին հաջողվում է փողանցել հասարակ նկարչությամբ:  Այս անվերջ փողվող և իրար զուգարդող նկարների շնորհիվ, Կատանին նաև ցույց է տալիս որոշ սիմվոլներ և փոխաբերություններ: Նրանցից ամենատպավորիչն ու հիշվողը կրկեսն է, որը անընդհատ հանդիպում է անիմացիայի ընթացքում: Կատանին ինքը նշում է, որ իր համար կրկեսն ու սիրո պատմությունները ունեն բավականին շատ ընդհանուր հատկանիշներ. ծաղրածուի մեանխոլիկ ժպիտը, կախարդանքը և անդադար անակնկալի սպասումը: Այս անակնկալի սպասման հատկանիշը շատ լավ փոխանցվում է անիմացիայի շնորհիվ, քանի որ հենց ինքը անիմացիան անընդհատ զարմացնում է դիտորդին հին նկարներից նոր նկարներ ստեղծելով և ցույց տալով ծանոթ երևույթները անծանոթ անկյունից:  Ահա այսպես, դիտորդին տրվում է հնարավորություն որոշ ժամանակով կորել հերոսների հիշողությունների մեջ և ընդհամենը վեց րոպեյում  վայելել անվերջ սիրո խոստումը:     Մարի Սահակյան