Իտալացի ռեժիսոր Ռոբերտո Կատանիի այս կարճամետրաժ ֆիլմը պատմում է արտասովոր ակրոբատի և նրա սիրեցյալի  այլևս անցած սիրո մասին: Մի յուրահատուկ պատմություն սիրո զարգացման էտապների և հավանական հանգուցալուծումներից մեկի վերաբերյալ: Ֆիլմը կառուցված է հիշողությունների հիման վրա: Պատուհանից երևացող աչքերը լուռ հետևում են հեռացող ակրոբատին:Այնուհետև անկողնու վրա նստած կինը նայելով ձեռքի քարտեզին վերհիշում է իրենց սիրո անցած հետագիծը: Ամուսնություն,ժամադրություններ,առաջին հանդիպում:Այս ամենը ներկայացված է շղթայական կերպով,տեսարանների յուրօրինակ անցման միջոցով,որոնց ժամանակ առարկաները ստանում են այլ կերպարանք կամ դրվում են այլ միջավայրում:Այդպիսով ֆիլմը ստացել է մի տեսակ սյուռեալիստիկ մոտիվներ:Ավանդական անիմացիոն տեխնոլոգիան և երաժշտական երանգավորումը հրաշալի հարմարեցված են համր պատմության տխրության հետ:Կերպարները երբեմն անճոռնի են ու անկատար,ֆիլմում անհասկանալի է կարմիր ճագարի առկայությունը,սակայն եթե հաշվի առնենք գլխավոր հերոսի ցիրկի ներկայացուցիչ լինելն ու ճագարների աճպարարության մասնակից լինելու հայտնի  հանգամանքը,ապա կարելի է և արդարացնել նրա դերը ֆիլմում: Հատկանշական է այն հանգամանքը,որ ֆիլմը կառուցված է այնպես,որ հնարավոր է այն դիտարկել նաև հակառակ ուղղությամբ:Առաջին հանդիպումից մինչև բաժանում: Փոքրիկ աղջիկը պատուհանից դուրս նայելով տեսնում է տղային,դիտում նրան, հայացքը գցում է գրքին և կարդալով տիեզերքը(գրքում պատկերված է տիեզերքը) պատկերացնում է այն բոլոր տեսարանները,որոնք մյուս դեպքում հանդիսանում են հիշողություններ: Իսկ ակրոբատի հայտնվելն ու հեռանալը ակնարկում են այն մասին,որ այն՝ ինչ մի օր սկսվում է,մի օր էլ ավարտվում է:Այն ինչ հայտնվում է,մի օր էլ անհետանում է:Եվ այդպես ողջ կյանքի ընթացքում…   Արգինե Ծատուրյան