Մի անգամ Բուխարեստի փողոցներից մեկում հանդիպած թափառական շունը ներշնչանքի աղբյուր հանդիսացավ ռումինացի հայտնի ֆիլմարտադրող Անկա Դամիանի համար ստեղծելու այս հրաշալի պատումը Մարոնա անունով շան մասին: «Շների երջանկությունը այլ է մարդկային երջանկությունից:Մենք ուզում ենք որ ամեն ինչ նույնը մնա,իսկ մարդիկ ուզում են այն ինչ չունեն:Նրանք դա անվանում են «երազել»,իսկ ես կասեմ «չիմանալ ինչ է երջանկությունը»»: Ֆիլմը կարծես մի հետաքրքիր պատուհան լինի մարդկային հասարակությանը կողքից՝շան աչքերով դիտելու համար:    Մեկնարկային տեսարանը հանդիսանալով նաև ֆիլմի ավարտը արդեն իսկ ընդգծում է ֆիլմի յուրօրինակությունն ու բորբոքում հետաքրքասիրություն նրա նկատմամբ: Վթարի ենթարկված շունը գտնվելով այն կետում որտեղ նա այլևս ոչինչ է առանց անվան,անցյալի ու ապագայի,հետհայացք է գցում իր անցած կյանքի ֆիլմին: Իննը-Սկսելով ծագումնաբանությունից շունը ներկայանում է որպես «կույր սիրո կենդանի ապացույց»:Ծնվելով իններորդը մայրը նրան տալիս է հենց այդ անունը:  Անա-Շնիկը հայտնվում է երիտասարդ ակրոբատի մոտ,ստանում նոր անուն՝Անա:Նրա կողքին առաջին անգամ շնիկը ճանաչում է սերն ու երջանկությունը՝ «Ունես անուն,սեփական անկողին,սեր,նման երջանկությունը երկնային պարգև է»:  Սառա-Այժմ նա ունի նոր ընտանիք ու նոր անուն:Բարի ու քնքուշ հսկա Իթսվանը դառնում է շնիկի նոր սերը:Այս նոր ընտանիքում նրան թվում է թե. «երբեմն մարդիկ հասկանում են թե ինչքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար»: Մարոնա-Փողոցային վտանգավոր կյանքից փախչելով շնիկը գտնում է փոքրիկ աղջնակին՝Սոլանժ անունով:Բայց այս անգամ նոր անվանակոչված Մարոնան պետք է մնար այստեղ մինչև կյանքի վերջ: Գունեղ,հետաքրքրաշարժ,զգացմունքացունց, ահա այսպիսին է եղել Մարոնա անունով շան կյանքի ճանապարհորդությունը: Թեև ֆիլմը սիրո ու կարեկցանքի մասին է,ակնհայտորեն զգացվում է հասարակության գլխավոր ախտի՝մենության վերաբերյալ ակնարկը:Չէ որ գլխավոր հերոսներից յուրաքանչյուրը այս կամ այն առումով միայնակ են՝միայնակ երազող ակրոբատը,ամուսանացած,սակայն մենությանը ծանոթ բարի հսկան,ընտանիքի ամբողջ հոգսն ուսերին տանող միայնակ մայրը,բոլոր տեսակի կանոններից հոգնած միայնակ աղջնակը և վերջապես մեր հերոսը՝շնիկը: Քանիցս զգալով սիրո և կարեկցանքի ջերմությունը և նույնքան էլ տանջվելով դրանց բացակայությունից կամ կորցնելու վախից,նա համառորեն առաջ է գնում,կրկին բացում սիրտը և նվիրվում: Հետաքրքրաշարժ սյուժեին գումարվում է նաև համապատասխան տեխնիկական լուծումներ:Ամբողջ ֆիլմը հագեցած է վառ գունազարդմամբ,մտածածին արտահայտված հերոսներով,շարժուն և թռչող պատկերներով և հատկապես համահունչ երաժշտությամբ,որն էլ ավելի ամբողջական ու ընկալելի է դարձնում ֆիլմի բովանդակությունը: Գլխավոր հերոսի կերպարը՝Մարոնան,չնայած ֆիլմում պատկերված է սև և սպիտակ գույներով,հերոսները նրան շագանակագույն են բնութագրում,ինչը փոքր-ինչ անհասկանալի է:Ակրոբատ Մանոլն ունի առաձգական մարմին,թեթև կեցվածք և ընդգծված ֆիզիկական անկաշկանդվածություն:Բարի Իթսվանը ստացել է մաշկի կապույտ երանգավորում և մարմնի հսկա չափեր,դրանով արտահայտելու նրա ստացած ջերմության պակասն ու միայնությունը:Իսկ նրա կնոջ մակերեսային և կպչուն կերպարը թերևս հաստատում է նախորդ պնդումը և բացատրում Իթսվանի կողմից շնիկին կնոջ անունով Սառա անվանակոչելը:Ինչ վերաբերվում է փոքրիկ աղջնակին,նա ներկայանում է մեկ աչքը կտորով ծածկած և անսովոր կապույտ մազերով,ինչը խոսում է նրա իր հասակի երեխաներից տարբերվելու մասին:Իսկ աղջկա մայրիկը ներկայացվում է երկու կերպով՝ որպես հոգսաշատ կին՝կոկիկ սանրվածքով ու հագուկապով,և որպես քնքուշ մայր արձակված մազերով ու մի տեսակ աստվածային տեսքով:Ֆիլմի տարեց կերպարները ներկայացված են կնճռոտ ու քարացած տեսքով:Իսկ ավելի հետաքրքիր է անծանոթ ձեռնարկուի և շուն որսացողերի եռաչափ ներկայացումը,ինչը կարծես խոսում է շան համար նրանց անհասկանալի,մի ինչ-որ ուրիշ տիրույթից լինելու մասին: «Մարոնայի ֆանտաստիկ հեքիաթը» ֆիլմ է մի շան մասին,որը գիտեր անվերջ սիրել ու նվիրվել,և այս անշահախնդիր ունակություններն էլ նրան հասցրին այն կետին,որտեղ նա այլևս ոչ ոք էր,առանց անվան,առանց անցյալի և առանց ապագայի: Հրաշալի մի ֆիլմ ողողված համամարդկային արժեքներով,տեխնիկապես արդարացված,մի յուրահատուկ ձևաչափ մեզ ասելու որ այն,ինչի կարիքն ունենք երջանիկ լինելու համար,անվերապահ սերն է:     Արգինե Ծատուրյան