Յուրաքանչյուրս էլ ուզում ենք լինել հասարակության մի մասը, սակայն միևնույն ժամանակ տարբերվել հասարակությունից և յուրաքանչյուրիս մոտ էլ այդ ժամանակահատվածը տարբերվում է: Այս ամենի կողքով անտարբեր չի անցնում նաև անիմացիայի հերոսը՝ Միմին: Կարճամետրաժ այս անիմացիան՝ <<ՄԻՄԻ>>-ն ստեղծվել է Դանիայում ՝ ՄԻՅՈՒ անիմացիոն ֆիլմերի արտադրության շնորհիվ: Պրոդյուսերը Լիզա Ֆուկույան է: 4 րոպե տևողությամբ այս 2D դրաման ուղեկցվում է կարմիրի և վարդագույնի  ներդաշնակությամբ: Անիմացիայի հերոսուհու դեմքին առաջանում է առաջին բշտիկը: Վախենալով տարբերվել այլ աղջիկներից նա փորձում է նմանվել նրանց: Սկիզբը մեզ տանում է վարդագույն սակուրաներով լի Ճապոնիա: Անիմացիայի գաղափարը ամբողջովին խտացվել է հենց այդ կարմիր բշտիկի շուրջ: Այն մենք տեսնում ենք անիմացիայի հենց առաջին վայրկյաններից մինչև վերջինը: Կարմիր այդ բշտիկները մենք գաղափարապես կարող ենք տեսնել որպես հերոսի վախը և վերցնելով այն իր ձեռքում ամբողջ անիմացիան բաց ու մեղմ վարդագույնից վերածվում է մուգ կարմիրի ու սևի: Այսպիսով գույները ավելի շատ են արտահայատում հերոսի փոփոխվող ու զարգացող էմոցիաները քան սյուժետային կադրերը: Հետաքրքիր է նաև այդ պահի երաժշտության ու կադրերի համաձուլումը: Անիմացիան տեխնիկապես հագեցած չէ ու բավականին պարզ է նկարված,կարող ենք նույնիսկ մի քանի անգամ տեսնել կադրերի կրկնություն: Անիմացիայում տեսնում ենք նաև կարմիր թիթեռներին: Գաղափարական առումով կարևոր են նաև նրանց նույնականացումը հերոսուհու հետ: Այն պահին երբ աղջկա մազերը կտրում են նա կազմալուծվելով դառնում է թիթեռ միանալով մնացած թիթեռներին: Հասարակությունը աղջկան դարձնում է ավելի խոցելի, որից հետո էլ նա կորցնում է իր ինքնատիպությունը միանալով բոլոր այն մարդկանց՝ այս դեպքում թիթեռներին ովքեր ստացել են նույն վերաբերմունքը հասարակության կողմից: Կարծում եմ բոլոր տարիքային խմբերին պատկանող մարդիկ կարող են դիտել անիմացիան տեսնելու թե ինչ է տեղի ունենում հասարակությունից տարբերվող մարդկանց հետ և թե ինչպես են նրանք պայքարում այդ ամենի դեմ: Շատերի համար կարող է այն դիտվել որպես հայացք դեպի մանկություն կամ դեռահասություն, մյուսների համար ուսուցողական դիտարկում կարող է ունենալ, իսկ մնացածն էլ ելնելով անիմացիայի գույներից ու էսթետիկայից կարող են դիտել այն:   Լիանա Թուրյան