Առաջին անգամ գալով Անիմացիոն ֆիլմերի «Անեսի» միջազգային փառատոն 1990-ականների ավարտին որպես Ժյուրիի մրցանակ ստացած «L’Homme aux bras ballants» ֆիլմի դիզայներ՝ Բրունո Կոլլեն շուտով սկսեց ռեժիսորի իր ուղին ու արդեն 2019 թվականին «Mémorable» ֆիլմով նույն փառատոնում ստացավ «Կրտսեր ժյուրիի մրցանակ» (Junior Jury Award for a Short Film), «Cristal for a Short Film» եւ «Հանդիսատեսի մրցանակ» (Audience Award) կարճամետրաժ ֆիլմի համար։    Ֆիլմի սցենարը եւս հեղինակել է Կոլլեն։ Անվանումը թարգմանվում է որպես՝ հիշվող, հիշարժան, անմոռանալի, ինչը լիովին արտահայտում է այն տպավորությունը, որ դուք կունենաք ֆիլմը դիտելուց հետո։ Դրանում ներկայացվում է մի տարեց զույգի պատմություն։ Լուին (ձայնը՝ Անդրե Ուիլմս) նկարիչ է ու առաջին իսկ վայրկյաններից երեւում է նրա անսահման սերը երկու երեւույթի նկատմամբ՝ արվեստի ու իր մուսա Միշելի (ձայնը՝ Դոմինիկ Ռեյմոնդ)։ Ամեն բան թվում է սովորական ու առօրեական, մինչեւ հանդիսատեսի առաջ պարզվում է այն անլուծելի խնդիրը, որին բախվել են հերոսները։ Ալցհեյմեր։    Աստիճանաբար իրերը, երեւույթներն ու անգամ մարդիկ կորցնում են իրենց ձեւն ու միանշանակությունը Լուիի համար։ Հիշողություններն ու ներկան միախառնվում են՝ ստիպելով դիտողին եւս ընկնել կասկածների մեջ. ինչն է իրական, իսկ ինչը՝ ոչ, որն է ներկան, իսկ որը՝ անցյալը։ Արվեստը, որ նա տարիներ ի վեր պահել է իր գիտակցության մեջ, այժմ գործի է դրվում որպես պաշտպանական մեխանիզմ մոռացման ու անհայտության դեմ` հեղեղելով նրա կյանքը։   Լուիի իրականություն վերադարձնելու գործառույթն իր վրա է վերցնում Միշելը, ով հուսալքության դեմ իր անօգուտ պայքարն է մղում ամբողջ ֆիլմի ընթացքում։ Ավարտին Լուին, կորցնելով հիշողությունների զգալի հատվածն ու չճանաչելով Միշելին, սկսում է անփորձ երիտասարդի նման սիրահետել նրան։ Նա պարի  է բռնվում կնոջ դիմագծերի վերջին, աղոտ հուշերի հետ։ Հույզերը հասնում են գագաթնակետին, Միշելն աստիճանաբար անհետանում է, իսկ օդում մնում է մի պարզ բուրմունք՝ անխուսափելիությունը։    Չնայած ավարտը տխուր է, ֆիլմը հանդիսատեսի հիշողության մեջ դաջվում է որպես ամենահաղթ ու պայմաններ չճանաչող սիրո պատմությունը՝ սիրո, որը ներում է թուլությունը։ Ֆիլմի հուզիչ երաժշտությունը (երգահան՝ Նիկոլաս Մարտին), Վան Գոգի արվեստով ոգեշնչված գունապնակը, ամեն բան ողողված է արվեստով։ Դիտելիս առաջանում է զգացում, որ եթե շոշափես կերպարները, կդիպչես Վան Գոգի կտավներին։   Այս ամենը ներկայացված է ստոպ-կադր անիմացիոն տեխնիկայի միջոցով։ Ինքը՝ հեղինակը, տեխնիկայի ընտրությունը բացատրում է նրանով, որ ստոպ-կադր անիմացիան թույլ է տալիս ավելի ցայտուն կերպով արտահայտել գլխավոր հերոսին շրջապատող աշխարհի կազմալուծումը, երբ ձեւից ու հստակությունից զրկվում է  անգամ ժամանակը։   Հեղինակը հետաքրքիր տեխնիկական լուծում է գտել իր կերպարներին «խոսել տալու» առումով։ Եթե սովորաբար ստոպ-կադրի կերպարներին «խոսեցնելու» համար պետք է անընդհատ ֆիզիկական առումով փոխել նրանց դեմքերը, ապա «Mémorable»-ում կերպարների կառուցվածքի ու նրանց վրա կատարվելիք աշխատանքի բարդությունը թույլ չէր տալիս նման ուղիով գնալ։ Ուստի պետք էր անել այնպես, որ կերպարներն իրոք շարժեն շուրթերը։ Եվ քանի որ նրանց մաշկը պատրաստված է լատեքսային փրփուրից, հնարավոր եղավ շարժումն ապահովել մարդկային մկանների շարժման օրինակով։    Բավականին ստացված է խաղը լույսի ու ստվերի հետ։ Այս հանգամանքը հետաքրքիր է, քանի որ կյանքում հենց դրանց խաղն է հստակեցնում առարկաների ձեւն ու չափերը, ինչին ֆիլմն իր էությամբ հակադրվում է։ Մանրուքներն ու տողատակերը սուր են ու տեղին։ Անիմացիոն ֆիլմի հերոսների ամեն զգացում արտահայտիչ է՝ թեկուզեւ կերպարի գլխի թեթեւ շարժման կամ աչքերը թաքցնելու ձեւով։ Երկրորդ դիտումից արդեն նկատում ես, թե ինչպես է անգամ Ջակոմետիի «Դիեգոյի մեծ գլուխը» (Grande tête de Diego) բրոնզե արձանիկի ընտրությունը բժիշկի կերպարում կոչված արտացոլելու գլխավոր հերոսի իրականության ամբողջ ամորֆությունը։    Հետաքրքիր է, որ նյարդաբանական ծանր խնդրի մասին պատմող այս ֆիլմն ստացել է «Անեսիի» Կրտսեր ժյուրիի մրցանակ, ինչը վկայում է, որ չնայած բավականին հասուն թեմային, այն արժանացել է անգամ երեխաների հավանությանը։    Ֆիլմը դիտելիս կարելի է զուգահեռներ անցկացնել Կոլլեի ավելի վաղ աշխատանքների հետ, ինչպիսին է, մասնավորապես, նրա «Մեջքով դեպի պատը» (Le Dos au Mur) անիմացիոն ֆիլմը, որը 2001 թվականին Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացված Քննադատության միջազգային շաբաթի ժամանակ ստացավ Երիտասարդ քննադատների մրցանակ (Prix Jeune critique, Semaine Internationale de la Critique, Cannes 2001): Այն իրագործված էր նույն տեխնիկայով ու այդ ֆիլմում եւս մեծ շեշտ էր դրվում կերպարների նկատմամբ ժամանակի ազդեցության եւ ժամանակի ազդեցությամբ նրանց ձեւի, դերի ու ընկալման փոփոխության վրա։ Ի վերջո, երկու ֆիլմի ավարտին էլ գլխավոր կերպարները, որ մարմնավորում են կանացի ու տղամարդկային էությունները, միաձուլվում են։ Եթե առաջին ֆիլմում մետաղաջարդոնի համաձուլման, ապա «Mémorable»-ում՝ վերջին պարի տեսքով։   Որպես ամփոփում, հավելենք, որ «Mémorable»-ն, «Անեսի»-ում ունեցած հաջողությունից բացի արդեն ստացել է երեք մրցանակ բրազիլական «Anima Mundi festival»-ից, իսկ հոկտեմբերի երկրորդ կեսին կցուցադրվի Երեւանում՝ «ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնի շրջանակներում։       Աննա Դանիելյան