Flood (Flut)-ը գերմանական կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ է, որը հանդիսանում է գերմանացի անիմատոր Մալտե Շթեյնի երկրորդ ֆիլմը։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես  լճի ափերի պատճառով հեղեղվում է մի քաղաք, և պատմությունը ծավալվում է այդ քաղաքում բնակվող մոր և որդու շուրջ։ Ֆիլմի ամբողջ ընթացքում հերոսները փորձում են փրկվել ապոկալիպսից, որը նրանց  դրսում է վտանգում , սակայն նրանք չեն նկատում իրենց ներքին ապոկալիպսը, որը հնարավոր է հասնի իրենց ավելի շուտ, քան հեղեղը։ Ֆիլմի երկխոսությունները քիչ են, առաջին հայացքից կարող են անհեթեթություններ թվալ, սակայն հենց  ավարտին մոտ են երկխոսությունների կարևորությունն ու ազդեցությունը ընդգծում  ֆիլմի նշանակալի  դերը։ Իր տրամադրությամբ, մթնոլորտով, գաղափարախոսությամբ՝ ֆիլմն ասես լինի Դեվիդ Լինչի, Գասպար Նոեի, Ալեխանդրո Խոդորովսկիի և այլ էքսցենտրիկ ռեժիսորների անիմացիոն ֆիլմերից,  սյուժեն բավականին դանդաղ է ու չշտապող։ Դեպքերը երկխոսությունների պես քիչ են, սակայն դրանց կարևորությունը պատմության և հերոսների համար ահռելի են։ Շթեյնի նախորդ ֆիլմը (Blauer Traum) իր տոնով և կառուցվածքով ասես լինի Flut-ի նախահայրը, և միայն այդ երկու ասպեկտները չեն, որ կապում են այս ֆիլմերը։ Նրանց անիմացիան նույնպես շատ նման է, և Flood-ում, կարծես, Շթեյնը հասել է այն մակարդակին, որին որ նա ձգտում էր դեռևս Blauer Traum-ի համար։ Անիմացիան ձեռագործ է և այն մաքսիմալ լավ է փոխանցում ֆիլմի էքզիստենցիալ տրամադրությունը: Այս անիմացիան իդեալական է Մալտեի ստեղծած աշխարհի համար և նույնիսկ նրա “կեղտոտության” և “տհաճության” հետ մեկտեղ այն շատ էսթետիկ է։ Նույնիսկ անիմացիայի մանրամասները ու գունային տոնը շատ նուրբ են ընտրված և առավելագույնս համապատասխան են ֆիլմի դեպրեսիվ ու ապոկալիպտիկ աշխարհին։ Նմանատիպ անիմացիայով ֆիլմերը ներկայումս հազվադեպ երևույթ են, բայց ձեռագործ անիմացիայի սիրահարների համար սա կլինի տարվա բացահայտումներից մեկը։ Flood-ը հնարավոր է վանի իր ոչ ստանդարտ մոտեցմամբ ու ընդհանուր մութ տոնով, սակայն այն արժանի է դիտման, քանի որ բացի հրաշալի անիմացիոն պատկերից, դիտողը նաև կարող է տեսնել պատմություն, որը ստիպում է մտածել շատ հարցերի շուրջ: Այն ցույց չի տալիս ապոկալիպսը որպես հասարակ բլոկբաստեր, այլ ավելի է հասունացնում սյուժեն ՝ ցուցադրելով այն որպես սարսափելի երեւեւյթ:   Դավիթ Մանուկյան