«Եթե մենք չգիտենք մեր անցյալը՝ ոչինչ ենք». այս տողը “The Tower” անիմացիոն լիամետրաժ ֆիլմի առանցքային միտքն է: Նորվեգացի ռեժիսոր և անիմատոր Մատս Գրորուդի այս ֆիլմի պրեմիերան 2019 թվականի փետրվարին էր: Տեղյակ չլինելով ռեժիսորի կենսագրությունից՝ գուցե հարց առաջանա, թե ինչ մղումներ կարող էր ունենալ նորվեգացի ռեժիսորը նկարահանել պաղեստինցիների կյանքի մասին պատմող ֆիլմ: Պարզվում է՝ նրա մայրը 1980-ականներին Լիբանանում որպես բուժքույր է աշխատել, իսկ «Առաջին Ինտիֆադայի» ժամանակ շուրջ մեկ տարի որդու հետ ապրել է Կահիրեյում ու Երուսաղեմում: Ֆիլմը հիմնված է իրական զրույցների վրա. «Բուրժ ալ Բարաջնեհ» փախստականների ճամբարում Գրորուդն անձամբ խոսել է այնտեղ ապրող մարդկանց հետ ու լուսանկարել նրանց, որոնք օգտագործված են նաև ֆիլմում: “The Tower”-ը ներկայացնում է ավելի քան 70 տարվա պատմություն՝ 1948 թվականի Պաղեստինից մինչև մեր օրերի Բեյրութ: Այդ թվականի մայիսի 15-ը ֆիլմի հերոսների համար կարևոր օր է. այդ օրն է ստեղծվել Իսրայելը՝ սկիզբ դնելով պաղեստինցիների դեգերումներին ու պատերազմին: Գլխավոր հերոսը 11-ամյա աղջիկ է՝ Ուորդին, որ ծնվել և ապրում է փախստականների ճամբարում իր ընտանիքի հետ: Ֆիլմի ողջ ընթացքում Ուորդին կարծես 4 սերունդներին կապող օղակ լինի և հույս՝ հատկապես իր մեծ պապի՝ Սիդիի համար: Վերջինս 1948 թվականից ի վեր առաջիններից էր, որ բնակություն հաստատեց փախստականների ճամբարում: Ուշադիր հետևելով Սիդիի գործողությունների հաջորդական զարգացումներին՝ հասկանալի է դառնում, որ ֆիլմի հերոսը, կորցնելով իր տունը, կորցրել է նաև իր հույսը, կյանքի հանդեպ հավատը: Ուորդին, պտտվելով ճամբարում, բարձրանալով աշտարակի տարբեր հարկերը, զրուցում է իր ընտանիքի անդամների հետ, լսում նրանց պատմությունները՝ պատերազմի, գաղթի ու կյանքի մասին: Այդպիսով փոքրիկ աղջիկը փորձում է որոնել մեծ պապի վերջին հույսը: Աշտարակի ամեն մի հարկը առանձին սենյակ է, ուր ապրում են մեծ գերդաստանի անդամները: Ուորդիի՝ մյուս հերոսների հետ զրույցների ընթացքում բացահայտվում է յուրաքանչյուրի կյանքի անձնական ողբերգությունը. սկզբում բոլորն արտաքինից ուրախ են երևում, հորաքույրը պարում է, մեծ տատը տնային գործերն է անում, սակայն երբ հիշում են իրենց անցյալը, միանգամից փոխվում են նաև դեմքի միմիկաները: Ֆիլմում կա կոնֆլիկտ: Դա անցյալ-ներկա-ապագա անվերջանալի շղթան է ու չորս սերունդների կապը: Ֆիլմի հիմքում դնելով հիշողությունները՝ այդ կապն ավելի հստակ է երևում, իսկ դրաման դառնում ավելի ազդեցիկ: Ֆիլմն անիմացիոն եղանակով ներկայացնելը օգնել է այն ավելի ընկալելի ու հետաքրքիր դարձնել: Դասական տիկնիկային անիմացիան օգտագործված է ճամբարի տեսարանների համար, 2D անիմացիան՝ պատմական տեսարանների: Հերոսներին պատկերելիս օգտագործված է նաև կավագործությունը: Դա նաև նպաստում է թիրախային լսարանի ընդլայնմանը. կարող են դիտել ոչ միայն երեխաները, երիտասարդները, այլև, օրինակ, 40 տարեկանից բարձր մարդիկ: Հատկանշական է, սակայն, որ չնայած թեմայի պատմական նշանակությանը՝ ֆիլմն այնքան էլ խորություն չունի, հերոսները շատ են ու մակերեսային, ինչը դիտողի մոտ կարող է առաջացնել խառնաշփոթ: Որոշ կերպարներ այդպես էլ մնում են չբացահայտված, որոշները հայտնվում ու անհետանում են ուղղակի, դժվար է հասկանալ նրանց դերի նշանակությունը: Հատկապես ֆիլմի սկզբում հեշտ չէր հասկանալ՝ ով է գլխավոր հերոսը, որովհետև չկար կենտրոնացում: Առկա են նաև բռնության ու սպանության տեսարաններ, որոնք, սակայն, չեն ուժեղացնում ֆիլմի հուզականությունն ու ազդեցությունը: Օրինակ, դիպուկահարի կողմից երեխայի սպանության տեսարանը թույլ է ու պարզունակ: Եթե երեխայի՝ արյան մեջ ընկած դրվագի փոխարեն հեռուստադիտողը պարզապես լսեր կրակոցի ձայնը, մոր լացը ու տեսներ մյուս երեխայի քարացած հայացքը, իսկ արյան տեսարանը կադրից դուրս մնար, և՛ ազդեցությունն ավելի մեծ կլիներ, և՛ էթիկայի խնդիր (սպանության տեսարանի մասին է խոսքը) չէր լինի: Ֆիլմում օգտագործված անիմացիոն գործիքների տեսանկյունից հետաքրքիր լուծում էր անիմացիոն կադրերի ու իրական լուսանկարների համադրումը: Թեմատիկ առումով հիշեցնում է Արի Փոլմանի 2008 թվականին նկարահանած “Waltz with Bashir” անիմացիոն ֆիլմը: Վերջինս ներկայացնում է Լիբանանում իսրայելական ռազմական գործողությունները և պաղեստինցի փախստականների ճամբարներում տեղի ունեցած կոտորածները արդեն 1980-ականներին:  Հաշվի առնելով, որ թեմայի հիմքում պատմական իրադարձություն է, հասկանալի է, որ կա քաղաքական խնդիր: Այստեղ պետք է վերլուծել արդեն անաչառության տեսանկյունից: Արդյո՞ք կերպարների հիշողությունների վրա կառուցելով ֆիլմի գաղափարը, չկա միակողմանիութուն: Ֆիլմը դիտելիս ծանոթանում ենք մի կողմի հերոսների հոգեբանությանը, անձնական ցավին: Գուցե եթե ներկայացված լիներ նաև հակառակ ճամբարի մարդկանց, նրանց մղումները, ֆիլմը լիներ ավելի ընդգրկուն ու ազդեցի՞կ:  Ամփոփելով ֆիլմի գաղափարական ու կառուցվածքային քննադատական վերլուծությունը, հասկանալի է ռեժիսորի՝ ֆիլմն անիմացիայի տեսքով նկարահանելու մոտիվները. այն օգնում է հաղթահարել պատմական ցավն ու գտնել հույս, որը վերջում գտավ և՛ Սիդին՝ Ուորդիի մեջ, և՛  Ուորդին՝ իր անցյալն իմանալով ու ապագայի հանդեպ հավատով:    Աննա Կոստանյան