Համարձակ գույներ, պոստիմպրեսիոնիստական ոճ ու դրամատիզմ. հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի նկարներին բնորոշ այս հատկություններով է օժշտված բրիտանացի կինոռեժիսոր Բրունո Կոլլետի “Memorable”անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը: Այն պատմություն է արվեստի ու կյանքի փոխադարձ կապի ու մեկը մյուսով պայմանավորված լինելու մասին, պատմություն է երկու ամուսինների, նրանց հարաբերությունների, սիրո, ծերության ու մարդային ցավի մասին: Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է գլխավոր հերոսը՝ Լուիսը, փորձում արվեստի միջոցով (Լուիսը նկարիչ է) հաղթահարել իրական ցավը, հաղթել մահին: Լուիսը տառապում է դեմենցիա հիվանդությամբ։ Այն հոգեկան ֆունկցիաների քայքայումն է, որը տեղի է ունենում հատկապես ծերության հասակում։ Ֆիլմի հենց սկզբից հասկանալի է դառնում, որ հերոսն աստիճանաբար կորցնում է իրականության զգացողությունը, դժվար է ընկալում շրջապատող աշխարհը, կնոջն ու անգամ իրեն, երբ հայելու մեջ իր արտացոլանքը տեսնելով զարմանում է։ Նրա կողքին իր կինն է՝ Միշելը։ Ֆիլմում կնոջ կերպարն ընդգծվում է ամուսնու հանդեպ ոչ այնքան համբերատար վերաբերմունքով։ Թերևս դա հերոսի ներքին տառապանքի արտացոլումն է, գիտակցումը, որ իր ամուսինը մի օր կմոռանա անգամ իրեն, ինչը որոշ պահերին իսկապես տեղի է ունենում: Հետաքրքրական է, որ և՛ կերպարները, և՛ Լուիսի կտավները նկարված են յուղաներկով՝ կրկին հիշեցնելով Վան Գոգի ձեռագիրը։ Օգտագործված անիմացիոն հնարքները (ստոպ-կադր անիմացիա, տիկնիկային և համակարգչային անիմացիա) կերպարներին ավելի խորություն ու զգացմունքայնություն են հաղորդում։ Ֆիլմում ուղեկցվող երաժշտությունն էլ ամբողջացնում է պատմության դրամատիզմը։ Բժշկի կերպարը, որ զրուցում է Լուիսի հետ, նման է 20-րդ դարի շվեյցարիացի քանդակագործ, նկարիչ Ալբերտո Ջակոմետիի «Մատնացույց անող մարդը» քանդակին։ Օգտագործված ստոպ-կադր անիմացիան օգնում է նաև ընդգծել ֆիլմ-իրականություն հեռավորությունը։ Ֆիլմն անիմացիոն պատկերելով ոչ միայն ավելի հզոր է դառնում պատմության ազդեցությունը, այլև թիրախային լսարանն է ընդգրկուն դառնում․ այն կարող են նայել թե՛ երեխաները, թե՛ հասուն տարիքի մարդիկ։ Անիմացիոն ֆիլմը հաջողված է լինում, եթե ֆիլմի գաղափարին ու բովանդակությանը ուղղակիորեն հետևում են կառուցվածքային առանձնահատկությունները։ Այս դեպքում այն կարծես թե ստացվել է։  Սակայն ֆիլմում երբեմն զգացվում է անիմացիայի անբնականությունը ու խանգարում դիտողին կենտրոնանալ պատմության վրա, զգալ այն։ Օրինակ, գրեթե չեն շարժվում հերոսների աչքերը, ինչը փոքր-ինչ թուլացնում է ֆիլմի թողած ազդեցությունը: Ռեժիսորը օգտագործել է նաև սև հումորը կերպարների դրամատիզմն ավելի ընդգծելու համար. ն հիվանդության մասին զրուցելիս կատակներ է անում՝ միևնույն ժամանակ չընկալելով սեղանին դրված հեռախոսը որպես առարկա:  Ֆիլմին առանձնահատկություն է հաղորդում վերջին հատվածը, երբ Լուիսը պարում է թափանցիկ, փոքր բյուրեղներից ծնված ու իր համար անծանոթ կնոջ հետ․ այս հնարքն օգնում է հասկանալ ու բացահայտել հերոսի անձնական կյանքի ողբերգությունը։ Չէ որ իրական կյանքում նա իր կնոջ կողմից այլևս սեր չի ստանում։ Թերևս հերոսը, չնայած նրան, որ հիվանդության պատճառով կորցնում է իրականության զգացողությունը, գուցե որոշ պահերի գիտակցում է իր հետ կատարվող ողբերգությունը: Դա ավելի ցայտուն է դառնում, երբ վարսահարդարիչը Լուիսի աչքին ատրճանակ է երևում, ու Լուիսն այն ուղղում է իր գլխին։ Տասներկու րոպեանոց ֆիլմում ռեժիսորը ներկայացնում է կյանքի խտացված պատմություն: Սակայն հեռուստադիտողի համար անհաղորդ են հերոսների մտքերն ու հիշողությունները, կերպարները մնում են ոչ լրիվ բացահայտված: Նրանց կյանքը կարծես բաղկացած լինի այդ տասներկու րոպեներից, գուցե եթե Լուիսի ու Միշելի հիշողությունների միջոցով արտահայտվեր ու պատկերվեր մինչև այդ նրանց միասին ապրած կյանքից մի փոքր դրվագ, ավելի հեշտ լիներ ճանաչել ու ընկալել կերպարների բնավորության գծերը:      Աննա Կոստանյան