Սյուռեալիստական «Ոսկե դար» ֆիլմի սկանդալային ցուցադրությունից հետո ֆիլմի ռեժիսորը՝ Լուիս Բունյուելը, կինոթատրոնից դուրս է գալիս և քիչ անց նրան տեսնում ենք շրջանաձև դասավորված փակ դռների կենտրոնում կանգնած։ Կինոարտադրությունում սյուռեալիզմի հիմնադիր համարվող ռեժիսորը վավերագրական ֆիլմ ստեղծելու մասին է մտածում, սակայն նրա համար բոլոր դռները փակ են, ոչ ոք չի ցանականում նոր սկանդալի մեջ հայտնվել։ Նոր ֆիլմը՝ Las Hurdes-ը, այն դուռն էր, որը նրան թույլ էր տալու դուրս գալ փակ շրջանից։ Քաղաքային կյանքի մեջ նա երբեմն իրականության սյուռեալիստական տեսիլքներ էր տեսնում։ Այսպես մենք տեսնում ենք հաց գնող Բունյուելին, որը շրջվելով հանկարծ տեսնում է սարդի ոտքերով փղերի։ Քաղաքը սպառված միջավայր էր, որից պետք էր դուրս գալ ինքնաարտահայտման նոր ձևեր գտնելու համար։    Թեև «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում» անիմացիոն ֆիլմն սկսվում է «Ոսկե դար» ֆիլմի ցուցադրությունից, բայց ակնհայտ հղումներ կան նաև Բունյուելի առաջին՝ «Անդալուզյան շուն» սյուռեալիստական ֆիլմին, որի սցենարը գրել է Սալվադոր Դալիի հետ համատեղ։ Մենք տեսնում ենք կադրեր, որոնք առաջին անգամ հենց այդ ֆիլմում են օգտագործվել։ Մասնավորապես, երբ Լուիսը և Ռամոնը(ընկերը և ֆիլմի հովանավորը) վիճում են և վերջինս ասում է, որ նա նույն երեխան է մնացել, որը շարունակում է խաղալ ավանակների հետ, նկատի ուներ Բունյուելի առաջին ֆիլմը, որտեղ սպանված ավանակներին տեսնում ենք դաշնամուրի վրա։ Այնուհետև ռեժիսորը ցույց է տալիս կանացի շորեր հագած Բունյուելին, որը ևս հայտնի կադր է վերը նշված ֆիլմից և շարունակում է դաշնամուրով տեսարանին (կանացի շորեր հագած երկու տղամարդ կապված էին դաշնամուրից)։    Անիմացիոն ֆիլմում երեք հիմնական սյուժետային գիծ կա․ առաջինը՝ գլխավոր հերոսի կոնֆլիկտն է ինքն իր հետ, թերևս այս պատճառով էլ նա որոշում է թողնել սյուռեալիզմը և սկսում է դոկումենտալ ֆիլմ նկարել։ Երկրորդ հիմնական գիծը ծնողների, հասարակության հետ ունեցած կոնֆլիկտն է, որոնք նրան միշտ Դալիի հետ են համեմատում, սա ֆիլմում արտահայտվում է մանկության դրվագներ հիշելով և երազում ծնողներին տեսնելով։ Հետաքրքրական է, որ երբ հասնում են նկարահանման վայր՝ Las Hurdes, Բունյուելը Ռամոնին ասում է, որ ինքն այլևս երազներ չի տեսնում և դա լավ նշան է, սակայն հենց նույն գիշերը նա երազ է տեսնում։ Գուցե սրանով ռեժիսորը հուշում է մեզ, որ այս պատմությունը լավ ավարտ չի ունենալու։ Ի վերջո, ստեղծվում է ֆիլմը, բայց ոչ անհետևանք։ Երրորդ սյուժետային գիծը կապված է ֆիլմի ստեղծման բարդությունների հետ, սակայն այս կարևորագույն խնդիրը ուղեկցվում է նուրբ հումորով և դրանով էլ թույլ է տալիս ծիծաղել այս խնդրի վրա, իսկ ուշադրությունն ավելի շատ կենտրոնացնել նախորդ երկու խնդիրների վրա։ Չէ՞ որ ի սկզբանե հարցն անհավանական լուծում էր ստացել․ ֆիլմը ստեղծվելու էր լոտոյից շահված գումարով։   Անիմացիոն ֆիլմ դոկումենտալ ֆիլմի ստեղծման մասին, որում օգտագործվում են հենց օրգինալ, դոկումենտալ կադրեր։ Սա է ամբողջ ֆիլմի կառուցվածքը։ Եվ անիմացիոն տարբերակով ֆիլմի ստեղծումը այստեղ լիովին արդարացված է․ գեղարվեստական ֆիլմ ստեղծելու դեպքում օրիգինալ կադրերի օգտագործումը անհեթեթ, արհեստական կլիներ։ Օրգինալ կադրեր օգտագործելով անիմացիոն ֆիլմի ռեժիսորը դիտողների մոտ ամրապնդում է հավատը, որ այն ինչ տեսնում են իրականում հենց այդպես էլ եղել է։    Las Hurdes-ը քաղաքակիրթ աշխարհի համար նոր իրականություն էր, իսկ Բունյուելը այդ աշխարհի մի մասն էր և չքավորության դեմքը մոտիկից տեսնելուց հետո չէր կարող ազդեցություն չկրել, չէր կարող չփոխվել։ Բայց այն, ինչ նա արեց դասական իմաստով փաստագրական ֆիլմ չէր և ոչ էլ սյուռեալիստական․ նա միջամտում էր կյանքի ընթացքին և վավերացնում իր միջամտությունը, հայտնի փաստ է, որ մի քանի տեսարանները բեմադրված էին, օրինակ՝ երեխայի թաղումը, որն իրականում քնած էր, աքաղաղի գլուխը պոկելը, քարայծին սպանելը և այլն։ Las Hurdes-ը որտեղ «ուտում, քնում և մեռնում են նույն սենյակում», որտեղ «դատարկ ձեռքերով, դատարկ ստամոքսով» գնում են որսի և մի քանի օրից նույն դատարկ ձեռքերով, դատարկ ստամոքսով վերադառնում են քարե որջերը ամբողջովին նոր տպավորությունների ու մտայնությունների դաշտ էր ռեժիսորի համար։ Las Hurdes-ը Բյունելին ցույց տվեց, որ իրականությունը այնքան աբսուրդային կարող է լինել, որ դրան չափազանցնելու, ատրիբուտներ ավելացնելու կարիք այլևս չկա։    Նանե Պետրոսյան