Away-ը լատվիացի անիմատոր Գինտս Զիլբալոդիսի դեբյուտային լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, որը հանդիսանում է նրա կարճամետրաժի ` Oasis-ի լիամետրաժ տարբերակը։ Ռեժիսորը  հանդիսանում է նաեւ ֆիլմի սցենարիստը, անիմատորը, պրոդյուսերը, կոմպոզիտորը և մոնտաժողը։ Երբ դեռահաս տղան հայտնվում է անմարդաբնակ կղզում և այնտեղ հանդիպում է գաղտնի, մութ էությանը, նա սկսում է իր խորհրդավոր ճանապարհորդությունը։ Իր տեսողական որոշումներով և պատմության զարգացմամբ, ֆիլմը հիշեցնում է Տերենս Մալիկի և Կիմ Կի Դուկի գործերը (The Tree of Life, Spring , Summer, Fall, Winter... and Spring) , որտեղ նույնպես գլխավոր ասպեկտներից էին պատմության վիզուալ պատման մեթոդը։ Ֆիլմի գործողությունները ծավալում են չորս գլուխների ընթացքում և ամեն գլխի ընթացքում գլխավոր հերոսը հասունանում է հոգեպես ,և նրա գործողությունները դառնում են էլ ավելի մարդկային։ Երկխոսությունների բացակայությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ ոչ պատրաստ դիտողի համար, սակայն եթե  դիտողը սկսում է խորասուզվել պատմության մեջ և  բաց չի թողնում ոչ մի դետալ , ապա դա այնքան էլ մեծ խնդիր չէ։ Երկխոսությունների բացակայությունը լրացվում է ատմոսֆերիկ սաունդտրեկի միջոցով, որը ,ասես, դիտողին ուղեկցում է դեպի իր սեփական ճանապարհորդությունը։ Դիտելու ընթացքում,հավանաբար,  կառաջանան բազում հարցեր և որոշ հարցեր կմնան անպատասխան։ Նմանատիպ հարցերը ավելի հետաքրքիր են դարձնում դիտումը և հնարավոր է ստիպեն դիտողին կրկին վերադառնալ այս ֆիլմին՝ արդեն իսկ պատրաստված հարցերի պատասխանները գտնելու համար։  Ինչ վերաբերում է ֆիլմի տեխնիկական հատվածին, այն արված է 3D ֆորմատով, սակայն սա այն 3D-ն չէ, որը ծանոթ է, օրինակ, Pixar-ի կամ Disney-ի մշտական դիտողներին։ Առաջին հայացքից ֆիլմը հիշեցնում է որևէ ինդի-խաղ՝իր անիմացիայով, և նույնիսկ որոշ հատվածներ ասես մասեր լինեն Shadow of The Colossus-ից կամ բոլորին հայտնի Zelda-ի շարքի խաղերից մեկին։ Նաև պատմության՝ գլուխների բաժանված լինելը, նույնպես նպաստում է վիդեոխաղերի հետ համեմատությանը, քանի որ ամեն գլուխ կարող է թվալ ասես նոր level: Անիմացիայի իդեալից հեռու լինելու պատճառներից մեկը կարող է հանդիսանալ այն, որ Գինտսը բոլորովին մենակ է աշխատել անիմացիայի վրա, և 3D-ն տարբերակներից ամենահարմարն է, որով կարող է ծածկել դետալների պակասը և հեշտացնել իր գործը։ Կերպարների անիմացիան արված է միջին մակարդակով, բայց նրանց դիզայնը և նրանց դերը ֆիլմում փրկում են իրենց դատարկությունից։ 3D անիմացիան նաև օգնում է զգալ և տեսնել բնության գեղեցկությունն ու ներդաշնակությունը։ Անիմացիան նաև մոտ է 90-ականների 3D ֆիլմերին, երբ 3D-ն դեռ նոր էր ստանում իր ոճը և շատ հեռու էր նրանից, ինչը մենք տեսնում ենք հիմա։ Այս ամենը նաև ստեղծում է հատուկ տոն և տրամադրություն ֆիլմի համար։ Եվ ի վերջո, ու՞մ համար է այս ֆիլմը, և արդյո՞ք այն կգտնի իր հանդիսատեսին։ Անխոս այո՛, քանի որ այս ֆիլմը տարբերվում է այն ամենից, ինչը մենք հիմնականում տեսնում ենք ներկայումս։ Անիմացիոն հետաքրքիր որոշումները, անկանխատեսելի և անակնկալներով լի պատմությունը, չքնաղ ու անփոխարինելի մթնոլորտը, ու Գինտսի սերը անիմացիայի հանդեպ... այս ամենի շնորհիվ է, որ Away-ը անպայման կգտնի իր հանդիսատեսին ու կարժանանա սիրո՝ դիտողների կողմից։ Այո՛, այն կարող էր ավելի լավը լինել, բայց վերջնական արդյունքը հիասթափեցնող չէ, և հուշում է, որ մենք դեռ կլսենք Գինտս Զիլբալոդիսի անունը անիմացիայի աշխարհում, և որ նրա նոր պրոյեկտները նույնպես ունակ կլինեն զարմացնելու դիտողներին։     Դավիթ Մանուկյան