Ֆրենկ Դայոնը ֆրանսիացի երգիչ Կենտի «Իրական մարդիկ»(KENT "Les vrais gens") երգի բառերով մեզ է ներկայացնում մեկ օր մաքրուհի հավի կյանքից։ Այդ մեկ օրը բավական է նրան շրջապատող համակարգ-պետությանը ամբողջովին ծանոթանալու համար։ Անիմացիոն ֆիլմն սկսում է մեծ, գուցե ամենատես, ամեն ինչ վերահսկող աչքը մաքրելու տեսարանից։ Առհասարակ այս ռեժիսորը սիրում է հավին որպես սինվոլ օգտագործել, օրինակ՝  “Edmond was a donkey” ֆիլմում հոգեբուժարանի տեսարանում կարելի է տեսնել մարդու, որը կարծում է, թե հավ է, կամ հաջորդ՝ “The head vanishes” ֆիլմում կարելի է տեսնել գլուխը կորցրած հավի, որը հրաժարվում է սատկել։ Իսկ ահա ռեժիսորի երրորդ անիմացիոն ֆիլմն ամբողջովին հավերի հասարակությանն է նվիրված։ Հավերի հիերարխիա՝ մարդկային վարքով։ Սա մի մոդել է, որ հնարավորություն է տալիս մարդկանց կողքից դիտելու։ Հավերն ունեն երեխաներ և ծնողներ, թագակիր վերին խավ, “The Kingdom Times” անունով թերթ, նրանք սիրում են իրենց երեխաներին, որովհետև երեխաները արտացոլում են իրենց երազանքներն ու ցանկությունները։ Նրանք հավատում են, որ հեռուստատեսությունը արժեք է ստեղծում, նրանք սիրում են այն ամենը, ինչը հեշտ է իրենց համար։ Նրանք պատահաբար են սիրում, պարզապես ուրախացրու նրանց և ամեն ինչ կհեշտանա։ Նրանք միաժամանակ են գնում արձակուրդ ասես ռոբոտացված հավեր լինեն, որ կրկնում են միմյանց գործողությունները։ Նրանք սիրում են օտարերկրացիներին, բայց դա չի նշանակում, որ պատրաստ են օգնել նրանց, երբ անհրաժեշտ լինի։ Նրանք «իրական մարդիկ» են և ծիծաղելի են դրանով։ Ֆիլմը նաև հումանիստական ուղերձ ունի, որովհետև մարդիկ չինացի են, մարդիկ թուրք են, բայց այդուհանդերձ նրանք բոլորն էլ մարդ են անկախ տեսակից։     Նանե Պետրոսյան